Անակլիան..

 

Դեռ մեկ ամիս առաջ էր, որ ետ էի վերադարձել Զուգդիդի շրջանից, անցած անգամ այցելել էի Սվանեթի, Ուշգուլի և ետ վերադառնալիս` շրջել Զուգդիդիով: Այս անգամ եղա Անակլիայում գտնվող «Ապագայի ճամբար»-ում (Անակլիան մտնում է Զուգդիդի շրջանի մեջ): Ճանապարհին շատ ուշադիր հետևում էի ուղուն, կարծես արդեն սովորական ճանապարհ լիներ, դեռ չէի հասցրել մոռանալ այդտեղի ճանապարհները: Ինչևէ, Թբիլիսիից-Անակլիա հասանք 7 ժամում, հոգնած էինք ու մի փոքր անորոշ վիճակում, բայց լիդերներն ու ճամբարի գույները կարծես լավ տրամադրություն էին հաղորդում մեզ: Հասնելուն պես մեզ մոտեցան մեր խմբի լիդերներն՝ Մարին և Արչին, ծանոթացանք. մեր ջոկատի գույնը մուգ կապույտն էր՝ ծովի գույնը

Մինչև հիմա հիշում եմ ծովի ալիքները, մեր ծովային խաղերը, մայրամուտները մեկը մյուսից գեղեցիկ: Չեմ մոռանա մրցաշարերը, թե ոնց սկզբում չէինք կարողանում հաղթել, բայց երբ համախմբվեցինք, միահամուռ ուժերով կարողացանք հաղթել «Ֆորդ բոյարդ» խաղը:

Իսկ տրիվոգայի ձայնը դեռ մինչև հիմա ականջումս է, թե ինչպես պետք է ամեն առավոտ 8:20 զույգ-զույգ գծերով պատրաստ կանգնած լինեինք, որպեսզի բոլոր ջոկատներով գնայինք բեմի մոտ՝ առավոտյան նախավարժանքի: Այնքան հավես էր ամեն ինչ՝ բոլոր լիդերներն ամեն ինչ անում էին, որ բոլորը իրենց լավ զգան ու լավ տրամադրություն ունենան, այնքան հաճելի էր, երբ մյուս խմբերի լիդերներն իմանում էին, որ հայ ենք կամ մի բառ էին ասում հայերեն, կամ բառակապակցություն (դե իհարկե մենք ետ չէինք մնում:)):


Հիշում եմ համերգներին ինչպես էինք պատրաստվում, մեր գործը ավելի դժվար էր՝ երկիր էինք ներկայացնելու (միայն մեր խումբն էր, որ բոլորս հայ էինք և դա ավելի պարտավորեցնող էր): Հիշում եմ, ինչպես էինք երկար ժամանակ տրամադրում մտածելուն, թե որ պարը պարենք, որ երգը երգենք, շատ պարեր էինք ուզում պարել, բայց ժամանակը ընդհամենը 4 րոպե էր տրամադրված և պետք է այնպես անեինք, որ այդ մի քանի րոպեում պատվով դուրս գայինք: Եվ մենք մեր համախմբման շնորհիվ կարողացանք պատվով դուրս գալ և՛ մեր, և՛ մեր երկրի անունը բարձր պահելով:

Մի խոսքով ամեն ինչը շատ հավես ու լավ անցավ, միակ բանը, որ մի փոքր տխրեցրեց դա այն էր, որ մյուս տարի այս տարածքը նավահանգիստ են սարքելու, բայց հույս ունենանք, որ այս ճամբարը կտեղափոխեն մեկ այլ վայր այս նույն տրամադրությամբ և ոգով և դե իհարկե մեր դպրոցին էլ չեն մոռանա կրկին հրավիրել):